ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. «Հայաստան» դաշինքը հատուկ հավաք է կազմակերպել՝ ներկայացնելու իր նախընտրական ծրագիրը։ Կրթական ծրագրի մասին խոսեց նախկին իմքայլական Աննա Գրիգորյանը։
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես երկիրդ կուշտ լինի, պետք է կրթես երեխաներիդ։ Մենք շեշտը դնելու ենք արժանապատիվ կրթության վրա։ Մրցունակ կրթության և որակյալ գիտելիքի երաշխավորն, իհարկե, արհեստավարժ մանկավարժն է: Պետք է վերաարժևորել մանկավարժի տեղն ու դերը մեր հասարակությունում։ Նախատեսվում է ավելացնել մի շարք ուղղություններով մասնագիտությունների ֆինանսավորումը։ Մենք որդեգրելու ենք գիտության կառավարման և ֆինանսավորման արդյունավետ մոդել: Արժեքային ճգնաժամի հաղթահարումը պետք է կրթության և գիտության զարգացման միջոցով լինի», - ասաց Գրիգորյանը։
Առողջապահության ոլորտի ծրագիրը ներկայացրեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
«Առողջապահությունը խորը ճգնաժամի մեջ է, ոլորտում նույնպես համաճարակ կա, պատերազմի հետևանքով` շատ վիրավորներ։ Այնուամենայնիվ, իրավիճակը շտկելու հնարավորություն դեռ կա: Անհրաժեշտ է մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր՝ հաշվի առնելով մարդկային ներուժն ու նյութատեխնիկական ներուժը», - ասաց նա։
Չարչյանը շեշտեց, որ տարեց քաղաքացիների նյութական վիճակը մեծ նշանակություն ունի առողջապահության համար: Նրա խոսքով՝ կենսաթոշակների չափը պետք է գերազանցի նվազագույն սպառողական զամբյուղը:
«Մենք պետք է բարելավենք բժշկական ծառայությունների որակը: 5 տարի անց առողջապահությունը հասցնենք եվրոպական չափանիշներին: Անհրաժեշտ է նաև բարելավել պետական պատվերների համակարգը: Հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնանա աղքատների վրա: Առաջին հերթին նրանք պետք է դառնան անվճար ծառայությունների շահառուներ», - ասաց նա։
«Որքան էլ պարզունակ է հնչում...». Քոչարյանի գրասենյակը պատասխանել է Փաշինյանին
Տնտեսագիտության մասով «Հայաստան» դաշինքի ծրագիրը ներկայացրեց տնտեսական և բանկային խորհրդատու Ալեքսանդր Խաչատուրյանը:
Ծրագրում առանցքայինը իրական աշխատատեղերի ստեղծումն է։ Առաջին հերթին կկատարվի երկրի գույքի ամբողջական գույքագրում:
«Միջոցներ ենք ձեռնարկվելու տնտեսական ճգնաժամը զսպելու համար: Մենք ներդրումներ ենք իրականացնելու ենթակառուցվածքներում: Ակտիվորեն աշխատելու ենք օտարերկրյա ներդրողների հետ, հատկապես նրանց, ովքեր արդեն ներկա են Հայաստանում: Միայն հաջորդ տարվա ընթացքում նախատեսում ենք 500 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավել, իսկ հինգ տարի հետո նախատեսվում է հավաքել 3 միլիարդ դոլար: Կառավարությունն ամեն ինչ անելու է գործարար միջավայրը բարելավելու համար», - նշեց նա։
Խաչատուրյանն ընդգծեց, որ կառավարությունը միջամտելու է բիզնեսի աշխատանքին միայն այն դեպքում, երբ ինչ-որ բանում օգնելու կամ խթանելու անհրաժեշտություն առաջանա:
Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հունիսի 20–ին։