Գյումրեցի Գարիկ Կարապետյանը դարձավ երիտասարդների աշխարհի չեմպիոն. լուսանկարներ

Երկամարտի արդյունքով Գարիկը նվաճել է մեծ ոսկե և երկու փոքր արծաթե մեդալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik.Հայաստանի ներկայացուցիչ Գարիկ Կարապետյանը փայլուն հանդես եկավ ծանրամարտի երիտասարդական առաջնությունում և դարձավ աշխարհի չեմպիոն: 

«96 կգ քաշային կարգում 355 կգ երկամարտի արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի չեմպիոն»,–Facebook-ի պաշտոնական էջում հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան` կից հրապարակելով լուսանկարներ։

Նշենք, որ Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Մրցահարթակ էին դուրս եկել 96 կգ քաշային տղաները:

Լիանա Գյուրջյանը փայլուն հանդես եկավ և դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն

Առաջին վարժությունում Գարիկը հաջող է իրացրել իր բոլոր մոտեցումները: Նա բարձրացրել է 155, 158 և 162 կգ կշռող ծանրաձողերը և ընդամենը 1 կգ–ով զիջել ՌԴ-ն ներկայացնող հայազգի ծանրորդ Արթուր Բաբայանին: Սակայն հրում վարժությունում Գարիկը հաղթել է Բաբայանին` հաջորդաբար բարձրացնելով 188 և 193 կիլոգրամանոց ծանրաձողերը: 

Երրորդ մոտեցման անհրաժեշտություն չի եղել: Երկամարտի արդյունքով Գարիկը նվաճել է մեծ ոսկե և երկու փոքր արծաթե մեդալ:

Նշենք, որ Գարիկ Կարապետյանը անվանի գյումրեցի ծանրորդ Ալեքսան Կարապետյանի որդին է:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ աշխարհի չեմպիոն էր դարձել Լիանա Գյուրջյանը, 2 օր առաջ էլ` մայիսի 27–ին, ծանրամարտիկ Կարեն Մարգարյանը դարձավ աշխարհի փոխչեմպիոն։