Արմեն Գևորգյանի հոր ողջ գույքի վրա արգելանք է դրվել. պաշտպան

Պաշտպանի համոզմամբ՝ նախկին փոխվարչապետի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի հոր ողջ գույքի վրա արգելանք է դրվել։ Այս մասին տեղեկացնում է Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է։ Գործող իշխանությունն աչքի է ընկնում նրանով, որ քաղաքական հետապնդումները չեն շրջանցում նաև թիրախում հայտնված մարդու ընտանիքի անդամներին, հարազատներին։ Նման պատկեր է առկա նաև Արմեն Գևորգյանի հարազատների պարագայում», - գրել է նա։

Շուրջ մեկ տարի առաջ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Գևորգյանի 75–ամյա հորը` Անդրանիկ Գևորգյանին, նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց` սահմանափակելով սահմանային շարժը։

«Ուզում են «Հայաստան» դաշինքում աշխատանքս խափանել». Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրվեց

«Այս ամենի հետևանքով արդեն մեկ տարի է, ինչ Անդրանիկ Գևորգյանը զրկված է անգամ բուժման նպատակով Հայաստանից մեկնելու հնարավորությունից։ Այսօր արդեն տեղեկացանք, որ Արմեն Գևորգյանի հոր ողջ գույքի վրա արգելանք է դրվել։ Այն, որ այդ որոշումն ակնհայտ ապօրինի է` կասկածից վեր է»,- գրում է պաշտպանը։

Գույքի վրա արգելանք դնելու մասին առկա է երկու որոշում, առաջինով արգելանքը դրվել է այն հիմնավորմամբ, թե Անդրանիկ Գևորգյանի անվամբ առկա գույքն իրականում պատկանում է Արմեն Գևորգյանին, իսկ երկրորդ որոշմամբ՝ թե այդ գույքը պատկանում է հատկապես Անդրանիկ Գևորգյանին։

«Նշվածն արդեն պարզ վկայությունն է այն փաստի, որ օրինական նպատակ չհետապնդող այս գործողությունները, որոնց մեջ խճճվել է անգամ նախաքննությունն իրականացնող մարմինը, ճղճիմ հետապնդման հերթական դրսևորումն է։ Ավելին` արգելանք է դրվել իբր թե հանցավոր ճանապարհով ձեռք բերված այնպիսի գույքի վրա, որը ձեռք բերված է եղել շատ ավելի վաղ, քան առաջադրված մեղադրանքում ներկայացված հանգամանքներն են տեղի ունեցել», - գրել է պաշտպանը։

Արմեն Գևորգյանին ՀՀ հատուկ քննչական ծառայություն են կանչել

Նրա խոսքով՝ նախօրեին Հատուկ քննչական ծառայության կողմից հարցաքննության է հրավիրվել Գևորգյանի կնոջ մայրը՝ Կարմեն Սահակյանը։

Նշենք, որ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը`փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նիկոլը փոքրամասնություն է․ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը սկսել է հետհաշվարկը