ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` գերիների վերադարձի խնդիրը կարգավորելը ժամանակի հարց է։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց այսօր` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ։
«Գերիների հարցն ամենացավոտ խնդիրն է։ Ադրբեջանի ղեկավարությունը տեսնում է, որ կարող է այդ հարցով մեզ ցավացնել և վրեժ է լուծում։ Սակայն որ մեր գերիները վերադառնալու են, միջազգային հանրությունն է դա արձանագրել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանն այդկերպ ուզում է ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունենալ։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ` Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։
Նրանցից բացի, արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ադրբեջանական կողմն ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինծառայողների է գերի վերցրել։
Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին: Ոչ պաշտոնական տվյալներով` հիմա Ադրբեջանի տարածքում ավելի քան 200 հայ գերի կա։
Թաթոյանը իշխանություններին կոչ է արել Ադրբեջանում պահվող գերիների թիվը բացահայտել