Ստեփան Դանիելյանի դիտարկմամբ` եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի առաջարկն իրականություն դառնա, ապա միջնորդների կազմը չի սահմանափակվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներով, որովհետև Թուրքիան և Իրանը մի կողմ քաշված չեն մնա. խնդիրն անմիջականորեն վերաբերում է նաև նրանց, գուցե ավելի շատ, քան ՀՀ գործող իշխանությանը։
«Կարծում եմ, որ Փաշինյանի առաջարկն ինչ–որ առումով նաև շանտաժ է` ուղղված Ռուսաստանի դեմ, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ շանտաժը։ Վարչապետի պաշտոնակատարը հայտնվել է շատ վատ վիճակում ու թեև փորձում է ինչ–որ քայլեր անել, բայցևայնպես, պետք է արձանագրենք, որ այստեղ ոչ թե քաղաքականություն կա, այլ անլուրջ մարդու չկշռադատված մտքեր»,–նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին` Դանիելյանն ընդգծեց, որ դեռ հայտնի չէ, թե Փաշինյանն ինչ բանավոր խոստումներ է տվել ադրբեջանական կողմին, ուստի հնարավոր է, որ նույնիսկ եթե գաղտնի նոր փաստաթուղթ էլ չլինի, միևնույնն է, Արա Այվազյանը վստահ չէ Փաշինյանի հաջորդ քայլերի առթիվ։
Ես այդ թուղթը ստորագրելու եմ. Փաշինյանը` Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին
Վարչապետի պաշտոնակատարը կարող է նոր քայլեր անել և նախկինի պես ԱԳՆ–ին չտեղեկացնել այդ մասին, հետևաբար Արա Այվազյանն, ըստ քաղաքագետի, չի ցանկացել անկանխատեսելի մարդու քայլերի պատասխանատվությունը կիսել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել է սահմանային հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ շատ արագ երկու կողմերի ԶՈւ ստորաբաժանումները պետք է հայելային եղանակով հեռանան սահմանագծից և նրանց փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։
Հավելենք նաև, որ դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։ Երեկ` մայիսի 27–ին, Արա Այվազյանը հրաժարական տվեց։