ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ հետևյալն է` այն ամբողջությամբ տանք Ադրբեջանին և դրանով փակենք այս թեման։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի նախընտրական շտաբների ակտիվի հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարություններին։
Երեկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում Տեր-Պետրոսյանը, խոսելով հակամարտության լուծման իր առաջարկի մասին, ասաց, որ խնդրի լուծման առաջին փուլում պետք է վերադարձնեինք Լաչինն ու Քելբաջարը՝ պահպանելով Լաչինի միջանցքը։ Ըստ Տեր-Պետրոսյանի` այդ դեպքում Լաչինի միջանցքը ոչ թե լինելու էր այնպես, ինչպես հիմա՝ 4 կմ-անոց հատված, այլ առնվազն 22 կմ։
«Տեր– Պետրոսյանն ասում է, թե Ղարաբաղի հարցով էս էր իրավիճակը նախկինում, բայց չի ձևակերպում, թե ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը որն էր և այսօր որն է։ Եթե մի բան է ասվում, պետք է մինչև վերջ ասվի»,–նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այն քաղաքական ուժը, որը ստորագրել է Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագիրը, այսօր իշխանությանը մեղադրում է դավաճանության մեջ (նկատի ունի ՀՅԴ–ին. խմբ)։ Փաշինյանը հարց ուղղեց` իսկ ինչո՞ւ Ալեքսանդրապոլի, Բաթումի պայմանագիրը կնքածներին դավաճան չեն համարում այդ մարդիկ։
Ըստ վարչապետի պաշտոնակատարի` նախկին իշխանություններից որևէ մեկն իրենց մեղադրելու բարոյական և քաղաքական իրավունք չունի։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն ասել էր նաև, որ ԼՂ հիմնահարցի իր առաջարկած ծրագրում խոսք չկար այն մասին, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում։