ՌԱԴԻՈ

Հերթական անգամ սեփական երկրի տարածքը դրել է աճուրդի. քաղաքագետը` Փաշինյանի առաջարկի մասին

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որն առնչվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելուն և զորքերի հայելային հեռացմանը շփման գծից։
Sputnik
Հերթական անգամ սեփական երկրի տարածքը դրել է աճուրդի. քաղաքագետը` Փաշինյանի առաջարկի մասին

Ալեն Ղևոնդյանի դիտարկմամբ`արդեն մի քանի շաբաթ է, ինչ Հայաստանը ենթարկվել է տարածքային անեքսիայի ու սահմանախախտման, ինչն ինքնիշխանության միջազգային նորմի խախտում է։ Ըստ նրա` երբ Հայաստանի իշխանությունը ստանձնում է հանձնառություններ, ապա պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներով (այդ թվում` ռազմական) և դիվանագիտական շփումների ու մեխանիզմների միջոցով լուծեր խնդիրը։

«Իսկ ինչո՞վ է զբաղվել ՀՀ ղեկավարությունը, բացառապես կոչերով, հայտարարություններով, սեփական գործառույթները չիրականացնելու պատասխանատվությունը գցելով գործընկեր երկրների, միջազգային կազմակերպությունների վրա։ Ավելին, այստեղ քրեական հանցակազմ ենթադրող գործողություններ են տեղի ունեցել, քանի որ մեր դիրքապահ զինվորներին արգելվել է կրակել, եթե իրենց վրա հարձակվեն ադրբեջանցիները»,– նշեց քաղաքագետը։ 

«Հիմա ինչ` Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք». Նիկոլ Փաշինյան

Ղևոնդյանի գնահատմամբ` ամուլ, պետության մասին որևէ պատկերացում չունեցող անձն անվտանգության խորհրդի նիստում սեփական երկրի խնդիրները լուծելու անկարողությունից հերթական անգամ սեփական երկրի տարածքը դրել է աճուրդի` չկարողանալով իր երկրի սահմանների ամբողջականությունը վերականգնել սեփական ռեսուրսներով, որոնք իհարկե կան։ Նա միջազգային հանրությանն է դիմում իր սեփական տարածքից սահմանները պաշտպանելու անկարողությունը փաստելով։ 

Քաղաքագետի պնդմամբ` ՀՀ վարչապետի պաշտոնակատարը սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու առաջարկով ըստ էության կասկածի տակ է դնում սեփական պետության սահմանները` խախտելով Սահմանադրության ամենակարևոր նորմերից մեկը, լինելով ՀՀ ինքնիշխանության երաշխավորը` Փաշինյանն այդ առաջարկով ՀՀ ինքնիշխանությունը հավասարեցնում է զրոյի։       

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին առաջարկել է սահմանային հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։

Այն, ինչ կատարվում է սահմանին, սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ շատ արագ երկու կողմերի ԶՈւ ստորաբաժանումները պետք է հայելային եղանակով հեռանան սահմանագծից և նրանց փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։

Փաշինյանի համոզմամբ` եթե իր առաջարկած ճանապարհով չընթանանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից։