Հավատում ենք, որ ժողովուրդն ուժ կգտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից. Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոսը նշում է, որ մտահոգ է հայրենի երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հավատում ենք, որ մայիսյան հերոսամարտերի հաղթական ոգով մեր ժողովուրդը Աստծո օգնությամբ ուժ պիտի գտնի դուրս գալու նաև ներկայիս փորձությունից։ Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում այս մասին ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։

«Այս տարի մեր երկրի համար բարդ ու ծանր իրավիճակում ենք նշում Հանրապետության տոնը և վերստին անդրադառնում Հայաստանի Առաջին Հանրապետության հաստատման հիշատակներին։ Առաջին Հանրապետությունը թեև երկար չգոյատևեց, սակայն եղավ անկախ պետականության տեսանելի առհավատչյան, որի ներշնչումով կերտվեցին վերազարթոնքի հետագա հաղթանակները մեր ժողովրդի»,–ասված է ուղերձում։

Նրա խոսքով` ավելի քան 100 տարի առաջ Ցեղասպանության և հայրենազրկման դառը հարվածները կրած մեր ժողովուրդը կանգնել էր նաև իր հայրենիքի արևելյան հատվածը և իր գոյությունը պաշտպանելու մեծ մարտահրավերների առջև, սակայն չընկրկեց և միասնաբար պայքարեց մայիսյան հերոսամարտերում՝ վերականգնելով հայրենի պետականությունը։

Երբ միասնական ենք, կարողանում ենք հաղթել․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել

Գարեգին Բ-ն նշում է, որ այսօր ևս մտահոգ ենք հայրենի երկրի առջև ծառացած հիմնախնդիրներով, մեր սահմանների, մեր ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի նկատմամբ շարունակական ոտնձգություններով։ Կաթողիկոսի ուղերձում նշվում է` թող Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, մեր երկրին ու ժողովրդին։

Հիշեցնենք` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Ֆրանսիայի դեսպանը հայերեն մաղթանք է հղել Հայաստանին