Համոզված եմ, որ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները կկատարի. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ ՌԴ-ն ու ՀՀ-ի մյուս գործընկերները, ովքեր հետաքրքրված են այդ հարցով, կարձագանքեն իր առաջարկին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Համոզված եմ, որ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները կկատարի: Նման համոզմունք հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը:

«Գիտեմ, որ մեր հանրության շրջանում որոշակի հարցեր են ծագել կապված մայիսի 12-ից հետո ծագած սահմանային իրադրությանը ՀԱՊԿ արձագանքի հետ, ինչ-որ չափով նաև ՌԴ-ի մասով՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարելու վերաբերյալ: Բայց ես համոզված եմ, որ ՌԴ-ը լիարժեքորեն իր պարտավորությունները կկատարի»,- ասաց Փաշինյանը:

«Հիմա ինչ` Սև լճի 20-30 տոկոսի համար պատերա՞զմ սկսենք». Նիկոլ Փաշինյան

Նա նաև շեշտեց, որ ՀՀ ՊՆ-ի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյան այս օրերին Մոսկվայում է, որտեղ հանդիպել է ՌԴ իր պաշտոնակցի հետ՝ հայ-ադրբեջանական սահմանին ծագած խնդիրների հարցով:

Փաշինյանը հիշեցրեց նաև սահմանին միջազգային դիտորդների տեղակայման իր երեկվա հայտարարության մասին՝ համոզմունք հայտնելով, որ այդ առաջարկի հետ չեն կարող համաձայն չլինել բոլոր նրանք, ովքեր իրենց հրապարակային հայտարարություններում ազնիվ են:

«Հետևաբար, մնում է, որ մենք ՌԴ-ի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աջակցությամբ այդ առաջարկները կյանքի կոչենք և լուծենք այդ հարցը»,- ասաց Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ լուծման այս տարբերակի իրագործման դեպքում սահմաններում այլևս ուժային գործողություններ տեղի չեն ունենա:

Վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ ՌԴ-ն ու ՀՀ-ի մյուս գործընկերները, ովքեր հետաքրքրված են այդ հարցով, կարձագանքեն իր առաջարկին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին առաջարկել է սահմանային հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել։

Այն, ինչ կատարվում է սահմանին, սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար. Մհեր Գրիգորյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ շատ արագ երկու կողմերի ԶՈւ ստորաբաժանումները պետք է հայելային եղանակով հեռանան սահմանագծից և նրանց փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող։

Փաշինյանի համոզմամբ` եթե իր առաջարկած ճանապարհով չընթանանք, իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից։