Գրիգորի Մարտիրոսյանը հրաժարվել է պաշտոնից

Գրիգորի Մարտիրոսյանը նշել է, որ պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել էր դեռ 2020 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik.Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։

«Պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել եմ դեռևս 2020 թվականին, սակայն մեզ պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպեցին հետաձգել որոշումս: Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի»,– գրել է նա:

Մարտիրոսյանը նշել է, որ շնորհակալ է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար:

«Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից»,– ընդգծել է նա:

Մարտիրոսյանը Արցախին մաղթել է խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում:

Հիշեցնենք` Մարտիրոսյանը պետնախարար էր նշանակվել 2018 թվականի հունիսի 6-ին։

2000-2005 թթ.-ին աշխատել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունում` որպես առաջատար մասնագետ, 2005-2007 թթ.-ին աշխատել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ:

2007 թ.-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:

2008 թ.-ին նշանակվել է ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ, 2015 թ.-ին` ֆինանսների նախարարի առաջին տեղակալ, 2017 թ.-ին` ֆինանսների նախարար: