Գերիների հարցն Ադրբեջանը դարձրել է շանտաժի առարկա․ ԱԳ փոխնախարարի ժնևյան հանդիպումները

Հայաստանը հետևողական է լինելու՝ հայ գերիների նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումները ներկայացնելով միջազգային քաղաքական և իրավական բոլոր համապատասխան ատյաններում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնևում հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի, ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի, ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ի՞նչ է անելու ՀՀ ԶՈւ-ն, եթե Ադրբեջանը չվերադարձնի գերիներին․ ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը

Արտակ Ապիտոնյանը խոսել է ոչ միայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու դրա հետևանքների մասին, այլև ներկայացրել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունները։

ՄԱԿ Փախստականների հարցերով բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպման ժամանակ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Արցախ միջազգային կազմակերպությունների անհապաղ և անխոչընդոտ հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ մատնանշելով այն վիժեցնելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի անընդունելի շահարկումները։

Միջազգային ճնշումն աճում է. Ադրբեջանը ստիպված կլինի վերադարձնել գերիներին. Այվազյան

Զրուցակիցները քննարկել են բռնի տեղահանվածներին աջակցության տրամադրման հնարավորությունները։

«ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով բարձր հանձնակատար Միշել Բաչելետի հետ հանդիպման ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունները, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, բնիկ հայկական կրոնական և մշակութային ժառանգության խեղաթյուրումն ու ոչնչացումը, այդ երկրի հայատյաց քաղաքականությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ու պատանդների խնդիրը և շնորհակալություն հայտնել բարձր հանձնակատարի և ՄԱԿ մարդու իրավունքների հատուկ ընթացակարգերի շարունակական ներգրավվածության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը շեշտել է, որ Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները՝ գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց հարցը դարձնելով քաղաքական շահարկումների, ապատեղեկատվության և շանտաժի առարկա:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հետևողական է լինելու հայ գերիների նկատմամբ միջազգային իրավունքի կոպիտ խախտումների, այդ թվում՝ սպանությունների, կտտանքների, շինծու մեղադրանքների դեմ պայքարում՝ դրանք ներկայացնելով միջազգային քաղաքական և իրավական բոլոր համապատասխան ատյաններում:

Ինչո՞ւ է գերիների հարցով Մուրադովը զբաղվում․ կութեցու հարցը՝ Փաշինյանին