Եվրամիությունը ողջունում է Փաշինյանի առաջարկը միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ

Եվրամիությունը շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալվածներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները վտանգավոր ու տագնապահարույց է, հայտարարել է Եվրոպական արտաքին-քաղաքական ծառայության (ԵԱԾ) պաշտոնական ներկայացուցիչը։

Հերթական անգամ սեփական երկրի տարածքը դրել է աճուրդի. քաղաքագետը` Փաշինյանի առաջարկի մասին

«Անհրաժեշտ է անհապաղ ապառազմականացում։ Եվրոպական միությունը կոչ է անում կողմերին ձեռնպահ մնալ զինված ուժերի հետագա տեղակայումից ու ռազմական գործողություններից»,-նշված է Բրյուսելում այսօր հրապարակված հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ «բոլոր ուժերը պետք է ետ քաշվեն այն դիրքերը, որ զբաղեցնում էին մինչև մայիսի 12-ը։ Կողմերը պետք է բանակցություններ սկսեն սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ»։

«Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալվածներին։ Մենք ողջունում ենք բոլոր ջանքերը, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը, այդ թվում միջազգային դիտորդների հավանական առաքելության մասին»,-հայտարարել է ԵԱԾ ներկայացուցիչը։

Նա տեղեկացրել է, որ Եվրամիությունը պատրաստ է փորձագիտական գիտելիքներ ու օգնություն տրամադրել սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար, ինչպես նաև «աջակցել վստահության ամրապնդման այդքան անհրաժեշտ քայլերին, որպեսզի շարժվենք դեպի կայուն խաղաղություն ու բարգավաճում Հարավային Կովկասում»։

Համոզված եմ, որ ՌԴ-ն իր դաշնակցային պարտավորությունները կկատարի. Փաշինյան

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Մայիսի 28-ին Փաշինյանը Երևանում իր նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ԱՄՆ-ն արդեն հայտարարություն է արել, սպասում են մյուսների արձագանքին։