Երբ միասնական ենք, կարողանում ենք հաղթել․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել

Արմեն Սարգսյանի խոսքով` մենք այսօր կարիք ունենք սթափ դատողության ու առողջ մտածողության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել, որը հրապարակվել է նախագահի կայքում։ 

Այժմ կամ երբեք. Սերժ Սարգսյանը հիշեցրել է Արամ Մանուկյանի կոչը

«Առաջին հանրապետությունը նշանակալից իրադարձություն էր մեր ժողովրդի կյանքում՝ անկախ պետականության վերականգնում ինքնիշխանության համար երկարամյա պայքարից հետո: Այն ևս մեկ անգամ ցույց տվեց, որ երբ միասնական ենք, կարողանո՛ւմ ենք հաղթել», - գրել է նա։

Սարգսյանի խոսքով՝ այսօր հայությունը կանգնած է բարոյականության ու արժանապատվության Սարդարապատի շեմին, ճակատամարտ, որի միայն հաղթական արդյունքը կարող է երաշխավորել ամուր պետականություն և զարգացման հեռանկար:

«Այսօր կարիք ունենք սթափ դատողության ու առողջ մտածողության, կարիք ունենք պատմության դասը սերտելով՝ նորովի գիտակցելու, որ Հայրենիքը որպես իրականություն կարող է ապրել միայն անկախ պետականության տեսքով, որ անկախ պետականությունը ձեռք է բերվում և պաշտպանվում դժվարությամբ, որ շատ ժողովուրդներ այսօր էլ երազում են դրա մասին», - նշել է նախագահը։

Նրա խոսքով՝ մենք պետք է կարողանանք ոչ միայն հաղթել, այլև խորությամբ հասկանալ, թե ինչպես վարվել այդ հաղթանակի հետ:

«Պետք է կարողանանք սթափ վերլուծել մեր անհաջողությունների պատճառները, այդ թվում՝ Առաջին հանրապետությունից ցայսօր, և աշխատել սեփական սխալներն ուղղելու վրա, մշակել հստակ տեսլական և զարգացման ծրագրեր: Ես հավատում եմ, որ կարո՛ղ ենք հասնել այնպիսի ձեռքբերումների, որոնք դեռ երեկ անհնարին էին թվում, կարո՛ղ ենք իրականությունը համապատասխանեցնել մեր ցանկությանը, կարո՛ղ ենք կյանքի կոչել այն երազանքը, որն առաջին հայացքից թվում է անհասանելի», - շեշտել է Սարգսյանը։

Նախագահը նշել է, որ թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, կախված է յուրաքանչյուր քաղաքացուց։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի հետ այցելել էր Սարդարապատի հուշահամալիր։

Ֆրանսիայի դեսպանը հայերեն մաղթանք է հղել Հայաստանին

Հիշեցնենք` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց: