«Ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև». Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահը նշում է` Հայաստանի ներկա վիճակն արդեն բնորոշվում է ոչ թե ներքաղաքական, այլ պետականության ճգնաժամով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի - Sputnik. Մենք ազգովի կանգնած ենք պետականությունը փրկելու հրամայականի առջև։ Հանրապետության տոնի առթիվ Facebook–ում հղած իր ուղերձում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Այժմ կամ երբեք. Սերժ Սարգսյանը հիշեցրել է Արամ Մանուկյանի կոչը

«1918 թվականի մայիսի 28-ին՝ դարավոր և ծանր ընդհատումներից հետո, վերականգնվեց Հայոց պետականությունը։ Սա մեր նոր պատմության ամենալուսավոր էջերից է, որ գրվեց մեր ժողովրդի հավաքական կամքով, նրա լավագույն զավակների հերոսական ջանքերով ու հեղած արյամբ»,–նշված է գրառման մեջ։

Երբ միասնական ենք, կարողանում ենք հաղթել․ ՀՀ նախագահը ուղերձ է հղել

Քոչարյանի խոսքով` պատմական զուգահեռները միշտ էլ պայմանական են։ Սակայն Հայաստանի ներկա վիճակն արդեն բնորոշվում է ոչ թե ներքաղաքական, այլ պետականության ճգնաժամով։

Ըստ երկրորդ նախագահի` 1918 թվականի մայիսի 28-ից առ այսօր մենք ապրել ենք բազմաթիվ ոչ պակաս ծանր պահեր, քան հիմա։

«Այսօր մենք, ի հակադրություն օրվա ծնկաչոք և խայտառակ իշխանությունների, ունենք վճռականություն։ Մենք տեսնում ենք լուրջ նախադրյալներ՝ ամուր պետականություն կառուցելու, կազմալուծված պետական ինստիտուտները և մեր հասարակության ողջ կյանքը վերագործարկելու համար»,–ասում է Քոչարյանը։

Նա վստահեցնում է, որ մենք`որպես ազգ, պատվով ենք դուրս գալու ներկա փորձություններից, վերակերտելու ենք և նոր բարձունքների ենք տանելու Հայաստանի Հանրապետությունը։

Հիշեցնենք` մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլք։

Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը, որն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Ֆրանսիայի դեսպանը հայերեն մաղթանք է հղել Հայաստանին