ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Արցախի նոր պետնախարար (վարչապետ) է նշանակվելու Արցախի նախկին ՄԻՊ–ը` Արտակ Բեգլարյանը։ Այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում լիազորությունները։ Նա իր որոշման մասին գրել էր Facebook–ում։
Արտակ Բեգլարյանը 2020թ.–ի դեկտեմբերի 23–ից զբաղեցնում է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մինչ այդ` 2018 թվականի հոկտեմբերի 31-ին, ԼՂՀ 6-րդ գումարման նիստում ընտրվել էր որպես Արցախի ՄԻՊ։ Այդ պաշտոնում աշխատեց մինչև 2020թ.–ի դեկտեմբերի 22–ը։
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Նշենք, որ Արտակ Բեգլարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1995 թվականի ապրիլի 7-ին Ստեփանակերտի իրենց բակում խաղալիս ականի պայթյունից կորցրել է տեսողությունը։
Այդ իսկ պատճառով ընդունվել է Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների №14 հատուկ դպրոցը։ Այնուհետև Հայաստանում և մի շարք այլ երկրներում կրթություն ստանալով՝ վերադարձել է Արցախ և զբաղվում է քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեությամբ։