ՌԱԴԻՈ

Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին։ 
Sputnik
Արա Այվազյանի հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է. Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանի դիտարկմամբ` հասկանալի է, որ տվյալ հրաժարականի դրդապատճառը միանշանակ քաղաքական է։ Ըստ նրա` նախկինում ունեցել ենք համակարգ, որում ամեն արտգործնախարար երկրի ղեկավարի հետ աշխատել է ամբողջ ծավալով, և առաջին փոփոխությունը Լևոն Տեր–Պետրոսյանի պաշտոնավարման օրոք կապված էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որը նույնպես ուներ քաղաքական հիմք։ Պողոսյանը վկայակոչեց Վարդան Օսկանյանի և Էդվարդ Նալբանդյանի օրինակը, ովքեր տասը տարի պաշտոնավարեցին քաղաքական ցիկլի իրենց ղեկավարի հետ։

Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

«Բայց վերջին երեք տարվա ընթացքում ունեցանք արտգործնախարարի երկու փոփոխություն, և առկա պայմաններում «քաղաքական ղեկավարությունն» ու պետական ինստիտուտներն իրար հետ չեն կարողանում աշխատել, ինչը նշանակում է, որ գործող իշխանությունը չի կարողանում իր քաղաքականության մեջ ճիշտ հարաբերվել պետական ինստիտուտների հետ և նրանց գործունեությունը հասցրել է կաթվածի։ Միակ աշխատող կառույցը ՄԻՊ–ի գրասենյակն է, մյուսները ոչ մի աշխատանք չեն կատարում»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Պողոսյանի կարծիքով` պետք չէ զարմանալ, որ նման պայմաններում պաշտոնատար անձինք շատ արագ են փոխվում, այդպես լինելու է նաև ապագայում, ու այստեղ կարևորը ոչ թե արտգործնախարարների փոփոխությունն է, այլ այն, թե ով է երկրի ղեկավարը, հետևաբար քաղաքական գործող ղեկավարության հետագա պաշտոնավարման դեպքում, ըստ քաղաքագետի, ունենալու ենք քայքայված պետություն։ 

«Մեր երկրում ռազմավարական հաղորդակցման ընկալումը զրոյական մակարդակի վրա է, ստիպված ենք այս կամ այն հրաժարականի դեպքում հենվել կանխատեսումների ու ենթադրությունների վրա։ Սուրճի բաժակ նայելիս կարելի է տեսնել շատ բան, կարող են շրջանառվել Արա Այվազյանի հրաժարականի բազմաթիվ դրդապատճառներ։ Ես գիտեմ մի բան, որ կա քաղաքական ճգնաժամ ԱԳՆ–ի ու գործող իշխանության միջև, վերջինս չի կարողանում հարաբերվել ինչպես հասարակության, այնպես էլ պետական ինստիտուտների հետ»,– նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարը։

Առաջարկվել է մի բան, որն ինձ համար անընդունելի է. նախկին մարզպետը մեկնաբանել է հրաժարականը

Պողոսյանի գնահատմամբ` այն իշխանությունը, որը պետությանը հասցրել է պարտության, պետք է հեռանա և որքան երկար պաշտոնավարի, այնքան ավելի մեծ քայքայումներ կլինեն։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Դեռ փետրվարից մամուլում լուրեր էին շրջանառվում Արա Այվազյանի հրաժարականի մասին։ Մոտ 1 շաբաթ առաջ լուրերն ակտիվացան։ Նշվում էր, որ հրաժարականի պատճառը Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հակասություններն են։

Արա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել 2020-ի նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Զոհրաբ Մնացականյանին։