ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածից հայ զինծառայողները ոչ թե գերեվարվել են, այլ առևանգվել ՀՀ տարածքից։
«Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար և տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են` մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող»,– ասաց Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։
Վարչապետի պաշտոնակատարը հայտնեց, որ ՀՀ տարածքից առևանգված հայ զինծառայողներն իրականացնելիս են եղել ականապատման աշխատանքներ։ «Ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն արվել են` զուգորդվելով հատուկ զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն` դա արվել է ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ նշաններ են տեղադրվել տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանվածության մակարդակը բարձրացնելու նպատակով»,– ասաց Փաշինյանը։
Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները
Նրա խոսքով` սա ոչ թե սովորական իրադարձություն է, ինչպես փորձում են ներկայացնել Ադրբեջանի իշխանությունները, այլ ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգ։
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանն այս հարցով դիմելու է միջազգային բոլոր կառույցներին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի արձակած կրակոցներից զոհվել է զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: