Մերժել են տեղեկանք տալ. Վահագն Չախալյանը դեռ կխոսի «հակապետական երևույթի» մասին

Ջավախահայ գործիչը կարող է այս որոշումը Վարչական դատարանում բողոքարկել 3-օրյա ժամկետում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը «Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանին տեղեկանք չի տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսանալու և մշտապես ՀՀ–ում բնակվելու մասին։ Մերժման մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Չախալյանը։

«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժինը մերժեց ինձ վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի տրամադրումը»,- նշված է Չախալյանի գրառման մեջ։

Նա խոստացել է իր հետագա քայլերի և «այս հակապետական և ապազգային երևույթի մասին» խոսել շուտով։

Նշենք, որ Վահագն Չախալյանը կարող է բողոքարկել այս որոշումը Վարչական դատարանում 3-օրյա ժամկետում։

Հավելենք` Չախալյանը «Զարթոնք» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարն է։ Ցուցակը գլխավորում է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, երրորդ տեղում հոգեբան Կարեն Նալչաջյանն է։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։

Հայաստանի ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ