Ռուսական կողմը մասնակցում է բանակցություններին. փոխնախարարը` գերեվարված վեց զինվորի մասին

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցրեց, որ զինծառայողներին չկրակելու հրաման տրված չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ազգային ժողովում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ բանակցություններ են տարվում Գեղարքունիքի մարզից գերեվարված վեց զինծառայողներին վերադարձնելու համար։ Լրագրողների հարցին, թե արդյոք ռուսական կողմը նույնպես մասնակցում է բանակցություններին, Սարգսյանը պատասխանեց` այո։

«Բանակցություններ են վարվում, Ռուսաստանը` որպես մեր թիվ մեկ ռազմական գործընկեր, իհարկե իր մասնակցությունն ունի», – ասաց Սարգսյանը։

Նա վստահեցրեց, որ զինծառայողներին չկրակելու հրաման տրված չէ։

«Նման հրահանգ տրված լինել չի կարող», – ավելացրեց նա։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։