ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Տավուշի մարզի Այգեպար համայնքում հանգիստ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Այգեպարի համայնքապետ Արկադի Յամուկյանը հայտնեց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է։
«Շատ հանգիստ է, խուլ մի երկու ձայն է լսվել, էդ երևի «պալիգոնից» է եկել»,-ասաց նա։
Մեզ հետ զրույցում գրեթե նույնը նշեց Բաղանիսի համանքապետ Նարեկ Սահակյանը։
«Այսօր հրաձգության օր է, այդ կրակոցները զինափորձարաններում են եղել»,- ասաց համայնքապետը։
Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը՝ արձագանքելով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցություններին:
«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երևույթին դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,-նշել է Ալթունյանը:
Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։
Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։