Մարուքյանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

Նա նշել է այն հանգամանքները, որոնք դրդում են անհապաղ հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik․ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարքույանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել` Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք, հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝ պահանջում ենք անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»,–գրել է նա։

«Ոմանք ուզում են, որ մենք համակերպվենք ադրբեջանական ուժերի ներկայության հետ». Փաշինյան

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: