Ի՞նչ է անելու ՀՀ ԶՈւ-ն, եթե Ադրբեջանը չվերադարձնի գերիներին․ ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը

Էդվարդ Ասրյանի խոսքով՝ Ադրբեջանին տրված առաջին ժամկետն արդեն սպառվել է, դեռևս հայկական կողմը գործողությունների չի գնացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու համար հայկական կողմն Ադրբեջանին 1 ժամ ժամանակ էր տվել։

«1 ժամն անցնելուց հետո անմիջապես մեզ հետ կապի դուրս են եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում, ներկայացրել, որ Բաքվում համապատասխան վարչությունը խորհրդատվություն է անցկացնում և քննարկում մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։ Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել»,- նշեց Ասրյանը։

Նրա խոսքով՝ գերեվարված զինծառայողներին չվերադարձնելու դեպքում մշակվում է գործողությունների հատուկ ծրագիր, որի մասին չի կարող բարձրաձայնել։

«Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ, իսկ մենք ներկայացրել ենք մեր պայմանը։ Մենք մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք ժամը 5-ից մինչև ժամը 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, ետ կքաշենք այն պայմանով, որ իրենք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին։ Այլ պայման մեր համար ընդունելի չէ։ ԶՈւ ստորաբաժանումները նշված ուղղությունում զբաղեցրած դիրքերում պատրաստ են իրենց առջև դրված խնդիրները կատարելու»,– ասաց գեներալ–մայորը։

Ինչո՞ւ է գերիների հարցով Մուրադովը զբաղվում․ կութեցու հարցը՝ Փաշինյանին

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։