ՀՅԴ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում

Հայտարարության մեջ շեշտվում է, որ ՀՀ իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը պահանջում է Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում:

Այս մասին նշված է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարության մեջ։  

Փաշինյանի առաջարկը Հայաստանի համար նոր վտանգներ է պարունակում․ «Պատիվ ունեմ» դաշինք

«Հայաստանի Հանրապետության իշխանություններն անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ սահմաններին ծավալվող իրադարձությունների համար: Հայրենիքը չպաշտպանելու նրանց վարքագիծը պատճառ է, որ թշնամին է՛լ ավելի լկտիանա ու սանձարձակ գործողությունների դիմի: Նիկոլ Փաշինյանը դեռևս 2020 թ. նոյեմբերի 18-ին խոստացել էր շուտափույթ Հայաստան վերադարձնել գերեվարված անձանց: Այս խոստումից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնվեցին նոր քաղաքացիներ:

Այսօր թշնամին գերեվարեց վեց զինծառայողի, իսկ մայիսի 25-ին, թշնամու գնդակից զոհվեց ՀՀ զինված ուժերի զինծառայող: Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտականությունները կատարելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները զբաղված են ստեղծված իրավիճակի համար Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մեղավորներ նշանակելով»,-նշված է հայտարարության մեջ:

Ազգային արժանապատվությունը վերականգնելու, ՀՀ քաղաքացիների և հայրենիքի անվտանգությունն ու պաշտպանվածությունը ապահովելու լուծումը ընտրությունների միջոցով երկրի կառավարումը ազգային ուժերին և անձանց փոխանցելն է: Սակայն, մինչև նոր իշխանության ձևավորումը, անհետաձգելի անհրաժշտություն է թշնամու կասեցումը:

Հայտարարության հեղինակները պահանջում են Նիկոլ Փաշինյանի անհապաղ փաստացի հեռացում և Հայաստանի կառավարության ժամանակավոր նոր ղեկավարի նշանակում, ինչպես նաև կոչ են անում միջազգային հանրությանը և Հայաստանի դաշնակից երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, ձեռնարկել գործողություններ՝ զսպելու վերջինիս: