ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները վերահաստատել են երկու կողմերի հետաքրքրվածությունը համագործակցության օրակարգն ավելի հարստացնելու և ընդլայնելու թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում։ Համակարծիք են, որ դա կնպաստի ավելի արդյունավետ դիմագրավելու տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին։
«Հանդիպման առանցքում էր Հայաստանի սահմանամերձ մարզեր Ադրբեջանի զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համատեքստում։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մանրամասն ներկայացրեց մայիսի 12-ից առ այսօր տիրող լարված իրավիճակը, որը զուգորդվում է ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների կողմից սադրիչ գործողություններով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ժամանակ խոսվել է այսօր առավոտյան Ադրբեջանի ԶՈւ կողմից վեց հայ զինծառայողների գերեվարման մասին։
Հնդկաստանում նոր հակառեկորդ է սահմանվել. կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 3689 մարդ
Արա Այվազյանը բարձր է գնահատել ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հնդկաստանի ԱԳ նախարարության դիրքորոշումը։