Գերեվարված 6 հայ զինծառայողների իրավունքների ապահովման պահանջով ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում։

«Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արմեն Սարգսյանը գերեվարված զինծառայողների հարցով խոսել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ

Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր գիշեր ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: