Չհամարձակվե՛ք գալ Շիրակ. գերիների հարազատները պատրաստ են ամենավերջին քայլին

Գերեվարված զինծառայողների հարազատները միայն մեկ պայմանով թույլ կտան, որ Շիրակում քարոզարշավ իրականացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Խծաբերդում գերի ընկած շիրակցիների հարազատները ընտրական պայքարի մեջ մտած բոլոր ուժերին հորդորում են հեռու մնալ մարզից: Այսօր Շիրակի մարզպետարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նրանք նշեցին, որ քարոզարշավի համար մարզ մեկնողների մուտքը փակ կլինի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերի համար:

««Իմ քայլից» կամ ընդդիմությունից ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Եթե իմացանք` գալիս եք, ձեր մուրը՝ ձեր գլուխը: Գնացե՛ք, երեխեքին բերեք, նոր եկեք, էդ ժամանակ ձեր կողքին կկանգնեք»,- ասաց գերի ընկած տղաներից մեկի հայրը:

Բոլորը միաբերան պնդեցին` մարզում քարոզարշավ չի լինի, մինչև տղաները Բաքվից չվերադառնան:

«6 ամիս է` սպասում ենք, մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք ու դատարկ նստել: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- վստահեցրին նրանք:

Ինչո՞ւ է գերիների հարցով Մուրադովը զբաղվում․ կութեցու հարցը՝ Փաշինյանին

Շիրակցի գերիների հարազատներն անդրադարձան նաև այսօր գերեվարված զինծառայողներին։

«Բնականաբար պիտի գերիներ ունենայինք։ Համախմբվելու, մեկ բռունցք դառնալու փոխարեն աթոռակռվի մասին ենք մտածում»,– նշեցին նրանք:

Հիշեցնենք` շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։