ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik․ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հարաբերությունները լավ չեն։ Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ըստ թերթի` ԳՇ պետ Արտակ Դավթյանը որևէ քայլ անելուց առաջ չի քննարկում նախարարի պաշտոնակատարի հետ, այլ ոնց ճիշտ է համարում, այդպես էլ անում է՝ նախարարին, որպես կանոն, շրջանցելով։ Իրավիճակի մասին տեղյակ են պահել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, բայց վարչապետը քայլ չի ձեռնարկել ՊՆ-ում սուբորդինացիան կարգավորելու համար։
Թերթը նաև տեղեկացնում է, որ նախարարությունում տարածված խոսակցության համաձայն՝ նախարարության թիվ մեկ մարդը ԳՇ պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանն է, ու նա է նախարարությունում շատ հարցերի լուծում տալիս կամ կառավարում։
Արշակ Կարապետյանը մինչ հեղափոխությունը Գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետի պաշտոնին էր, իսկ հեղափոխությունից հետո աշխատել է վարչապետի խորհրդական։
Հիշեցնենք, որ երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փաշինյանը պայքարեց և պաշտոնից հեռացրեց այդ ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։
Արդեն մարտի 22–ին Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: