ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. RINArmenia նախագիծը, որն աշխատում է ինտերնետ-կապի նոր արձանագրության ստեղծման վրա, արդեն գրավել է նոր ներդրողների ուշադրությունը։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց ընկերության համահիմնադիր Դևիդ Բեքեթը։
Նախորդ դարի 70-ականներից մինչև օրս տվյալների փոխանցումը համակարգչային ցանցերում, այնուհետև նաև ինտերնետում, հիմնված է եղել TCP/IP հաղորդակարգի վրա։ Սակայն դրա տեխնոլոգիան ստեղծողներից մեկը՝ ֆրանսիացի Լուի Պուզենը, չնայած 90-ամյա հասակին, շարունակում է ուսումնասիրել նոր հաղորդակարգը՝ RINA-ն (Recursive InterNetwork Architecture)։ Նա կարծում է, որ այն առավել արդյունավետ և անվտանգ կլինի։ Նրա մտքերը զարգացնում է հետազոտողների խումբը ԱՄՆ-ից ու Եվրոպայից։
RINArmenia-ի, որպես նոր ինտերնետի մշակման լաբորատորիայի մասին հայտարարվեց 2018թ․-ին, Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ։ Տեխնոլոգիան Հայաստան է բերել RINA-ի ուսումնասիրողներից մեկը՝ Ֆիլիպ Պուկսը, որը որոշել է աշխատել ծանոթ հայ մասնագետների հետ։
Երկու տարվա ընթացքում ընկերությունը մի քանի հավելված մշակեց, որոնք տվյալների փոխանցման առավել բարձր էներգաարդյունավետություն, արագություն և անվտանգություն ցույց տվեցին։ Նախորդ տարվա աշնանը ընկերությանը միացավ ամերիկացի գործարար Դևիդ Բեքեթը, որն իր հայուհի կնոջ հետ արդեն մի քանի տարի ապրում և աշխատում է Հայաստանում։
Հայաստանում հեռուստացույցն ավելի շատ ռուսերեն է «խոսում». հայերենը հեռուստաեթերում 14 % է
Բեքեթը թիմին օգնեց ռազմավարություն մշակել․ որոշվեց տվյալների փոխանցման նոր հաղորդակարգերը փորձարկել բլոքչեյնի օպերացիաների վրա։ Քանի որ այդ տեխնոլոգիայի կիրառումը շատ արագ է աճում, այստեղ կարելի է ավելի արագ ներդրումներ ներգրավել զարգացման համար, պարզաբանեց Բեքեթը։
Ընկերությունն արդեն ամփոփել է նախնական փորձարկումների արդյունքները, որոնց համաձայն՝ տվյալներն ավելի լավ են պաշտպանված (քանի որ չեն օգտագործում բաց IP-հասցեները), ինչպես նաև արագ են փոխանցվում ցանցային ճարտարապետության պարզության շնորհիվ: Ինչպես նշում է ինտերնետի մեկ այլ խոշոր հետազոտող՝ Ջոն Դեյը, RINA-ն ավելի քիչ օժանդակ հաղորդակարգեր է օգտագործում, քան TCP/IP-ն (ընդամենը 3՝ 15-ի փոխարեն):
Հայկական թիմը զարգացրել է այդ առավելությունները. ամենամոտավոր փորձարկումներով արդեն բլոկչեյն գործարքների քանակը մեկ վայրկյանում 30%-ով գերազանցել է TCP/IP-ի ցուցանիշները, օպտիմալացման գործընթացների հետ միասին այն էլ ավելի կբարձրանա: Բացի այդ, հայ հետազոտողներին հաջողվել է նվազեցնել տվյալների ընդունման և փոխանցման էներգածախսերը։
«Մենք արդեն ֆինանսավորման երկու հայտ ենք ստացել AICA-ից (Angel Investor Club of Armenia – խմբ․), մոտ 200 հազար դոլար ենք հավաքել, իսկ հիմա աշխատում ենք գործընկերներից մեկի հետ, որպեսզի մեր մշակումները փորձարկենք արդեն ոչ թե գրասենյակային համակարգիչների, այլ ավելի լայն ցանցի վրա»,-ավելացրեց նա։
Գործարքների քանակի աճին զուգահեռ էներգիայի խնայողությունն ավելի ակնհայտ կդառնա։ Այդպես էլ պետք է լինի, քանի որ բլոքչեյնը միայն ֆինանսական շուկայով չի սահմանափակվում։ Մոտակա տարիներին այն ավելի ու ավելի լայնորեն կկիրառվի անշարժ գույքի և իրերի ինտերնետում, էներգետիկայում և մի շարք այլ ոլորտներում, հիշեցնում է Բեքեթը։
Հայակական մշակման առավելությունը նաև այն է, որ այն համակարգչային «երկաթեղենի» (հիշողության քարտերի կամ առավել ևս պրոցեսորների) ոչ մի փոփոխություն կամ մոդիֆիկացիա չի պահանջում։ Դա նվազեցնում է մշակման ծախսերը և ավելացնում գրավչությունը։
RINA-ի զարգացման ծրագրերը Եվրոպայում և ԱՄՆ-ում քիչ չեն, բայց առայժմ դրանք լաբորատորիայից դուրս չեն եկել: Լայն կոմերցիոն օգտագործման այս տեխնոլոգիան դեռ չի հասել, նշում է ընկերության տեխնիկական տնօրեն Անդրանիկ Բաբիկյանը։
Ինչպես նշեցինք, RINA-ի նոր տարբերակի վրա աշխատում են ոչ միայն հայ, այլև ֆրանսիացի հետազոտողները։
Safe You. հայուհին ամբողջ աշխարհի կանանց ընտանեկան բռնությունից պաշտպանելու միջոց է գտել
«Մեր թիմի մի մասը Ֆրանսիայում է աշխատում, ինչպես և մեր ընկերության նախագահ Ֆիլիպ Պուկսը։ Մենք հնարավորություններ ենք փնտրում միջազգային համագործակցության համար, օգտագործում ենք Ֆիլիպի կապերը Ֆրանսիայում, Դևիդինը՝ ԱՄՆ-ում, բանակցություններ ենք վարում նաև Գերմանիայի աքսելերատորների հետ», - նշում է Հայկ Մնացականյանը (նա ինքը մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում և, անգլերենից բացի, ազատ տիրապետում է ֆրանսերենին)։
«Հայերն ինձ կօգնեն սովորել նախնիներիս լեզուն»,- կատակում է Դևիդ Բեքերը, որի նախապապը ԱՄՆ է գնացել Կանադայի ֆրանսիական մասից։ Բայց մինչ այդ նա ցանկանում է բարելավել իր հայերենը։
«Ամեն ինչ միանգամից չի լինի, առայժմ լավ կլիներ հայերեն սովորել։ Տանը երեխաները հայերեն և մի քիչ էլ ռուսերեն են խոսում, այնպես որ ինձ էլ սովորելը չի խանգարի։ Իսկ հետո կարելի է և ֆրանսերենին անցնել, հատկապես այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք այստեղ են։ Նրանք ամբողջ օրը գործընկերների հետ ֆրանսերեն են խոսում, ես էլ մի տեսակ ինձնից անկախ հիշում եմ։ Այդ պատճառով շուտով «վուալա»-ից բացի ուրիշ բառեր էլ կիմանամ»,-ժպտում է Դևիդը։
Գրեք ձեր ծննդյան ամիսը, անվան առաջին տառը. ինչպես են գողանում ձեր ինքնությունը համացանցում
Մոտակա ամիսներին ընկերությունը պատրաստվում է կատարելագործել իր տեխնոլոգիան, որպեսզի ներկայացնի այն նոր ներդրողներին։