ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Zod Wind ընկերությունը, որը Սոթքում տեղակայված հողմակայանի սեփականատերն է, հայց է ներկայացրել ՀՀ կառավարության դեմ՝ ՀՀ վարչական դատարանում փոխհատուցում պահանջելով բիզնեսը չպաշտպանելու համար (այն տարածքում, որտեղ տեղակայված է կայանը, ամրացել են ադրբեջանական զինված ուժերը,– խմբ․)։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Zod Wind-ի հիմնադիր Սերգեյ Ազարյանը։ Պահանջվող փոխհատուցումը, ըստ հայցի, 5 միլիոն դոլար է։ Ընկերությունը ՀՀ կառավարությունից պահանջում է վնասի և չստացված շահույթի փոխհատուցում։
Ոսկին կիսել թշնամու հետ. ինչպես են ապրում Սոթքի հանքի աշխատակիցներն ու գյուղի բնակիչները
Տարածքը, որտեղ կայանն է, գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և անմիջապես սահմանակից է Քարվաճառի շրջանին, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է։
Ընկերությանը դեռ 2001թ․-ին թույլտվություն է տվել այդ տեղամասի համար, որը, ինչպես երևում է կոորդինատներով, Քարվաճառի շրջանի սահմանին է, բայց ՀՀ տարածքում։ Կայանը Սոթքի ոսկու հանքավայրի հարևանությամբ էր տեղակայված։
«Երբ ադրբեջանցի զինվորականները եկան (2020թ․-ի նոյեմբերի 25-ին), գրավեցին մեր տարածքի մի մասը, այդ թվում՝ մեր հողմակայանը։ Այն անմիջապես երևում է հանքի այն հատվածից, որտեղ մերոնք են մնացել։ Այնտեղից երևում էր, որ նրանք քանդում են հողմաշարժիչը, իսկ թե հետո ինչ արեցին՝ չգիտեմ։ Կողքի շինության մեջ իրենց համար զորանոց են սարքել»,-ավելացրեց Ազարյանը։
Հողմակայանի ընդհանուր հզորությունը ավելի քան 1,3 ՄՎտ էր, նախատեսում էին այն հասցնել մինչև 30 ՄՎտ-ի։
Սոթքում ադրբեջանցիների ներխուժման հետևանքով ընկերությանը պատճառվել է 5 մլն դոլարի վնաս