Ադրբեջանցի զինվորականներին գերեվարելու հնարավորություն միշտ էլ կա. Ասրյան

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սահմանի տարբեր ուղղություններով շրջափակման մեջ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Ադրբեջանցի զինվորականներին գերեվարելու հնարավորություն միշտ էլ կա, սահմանամերձ հատվածներում Հայաստանը մեծ թվով զինվորականներ ունի։ Այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

Ի՞նչ է անելու ՀՀ ԶՈւ-ն, եթե Ադրբեջանը չվերադարձնի գերիներին․ ԳՇ պետի տեղակալի պարզաբանումը

Նրա խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է իր սահմանը վերականգնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, ապա անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ուժի կիրառման հնարավոր սցենարից:

Ասրյանը շեշտեց՝ պետք է հասկանալ, որ ցանկացած անզգույշ քայլ կհանգեցնի մարտական գործողությունների։ Բանակի հրամանատարությունը, այնուամենայնիվ, դիտարկում է ցանկացած սցենար։ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալը հրաժարվեց մանրամասներ բացահայտել։

Նրա խոսքով՝ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սահմանի տարբեր ուղղություններով շրջապատված են հայ զինվորականների կողմից: Եղել են դեպքեր, երբ հայ զինծառայողները ստիպել են նրանց լքել այս կամ այն տեղամասը։

Նշենք, որ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` այսօր առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ վեց զինծառայողներ։

Հայտնի են գերի ընկած զինվորականների անունները

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։