ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Այսօր ադրբեջանական բանակին պատկանող ռազմական մեքենա է պայթել ականի վրա։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Քելբաջարի շրջանում (Շահումյան)՝ Հայաստանի հետ սահմանին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև լուսանկարներ է հրապարակել։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի մասնագետները վերլուծել են Ադրբեջանի ՊՆ հրապարակած լուսանկարներն ու տեղորոշել պայթյունի վայրը։
Ըստ այդմ, բեռնատարը պայթել է ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի տարածքում։ Facebook - ի իր էջում «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել այս միջադեպը գերեվարված հայ զինծառայողներին մեղադրելու համար, իբր նրանք ականապատման աշխատանքներ են իրականացրել ադրբեջանական տարածքում, ինչն էլ բեռնատարի պայթելու պատճառ է դարձել։
«Բայց պայթեցված բեռնատարի տեղակայման աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ բեռնատարը, ինչպես նաև Ադրբեջանի զինված ուժերի մոտակա դիրքերը, գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզում ինժեներական աշխատանքների ժամանակ գերեվարվել էր 6 հայ զինվորական։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կատարվածն անվանել էր «առևանգում», քանի որ զինվորականները գտնվել են ՀՀ տարածքում:
Ավելի ուշ ԳՇ պետի տեղեկալ Էդվարդ Ասրյանը նշեց՝ առևանգելը զինվորական տերմինաբանության մեջ չի մտնում. զինծառայողները գերեվարվել են։
ՀՀ ՊՆ-ն հրապարակեց նաև զինծառայողների գտնվելու վայրի քարտեզը՝ ապացուցելով, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից գերեվարված հայ զինվորականները գտնվել են Հայաստանի տարածքում: