ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ապրիլի 13-ի հայտարարության մեջ ընդգծել են, որ «անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական համապարփակ ու կայուն կարգավորման հասնելու գործին»:
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ երեք երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին առաջին իսկ հնարավորության դեպքում վերականգնել համանախագահների հովանու ներքո բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։
Նշված հարցերը, Զախարովայի խոսքով, լրացուցիչ ջանքեր են պահանջում։
Դրանց թվում է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան ռազմագերիների և պահվող այլ անձանց վերադարձը, հակամարտության ընթացքում տուժած շրջաններում ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակումը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացումը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանումն ու պաշտպանությունը, հակամարտության հետևանքով տուժած համայնքների միջև համագործակցությունը և ուղիղ շփումների խրախուսումը, մարդկանց միջև վստահության միջոցների ամրապնդումը:
Ինչի հետ է կապված Երևանի և Բաքվի միջև տեղի ունեցած միջադեպը. ՌԴ ԱԳՆ–ի տեսակետը
«Համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն է վայելում։ Հենց դրա շրջանակում էլ պետք է ընթանա հակամարտության քաղաքական կարգավորումը», - նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Բաքվի ու Երևանի միջեւ տարաձայնությունները դեռ էական են, մասնավորապես՝ կարգավիճակի հարցում: 2020 թվականի պատերազմից հետո երկու երկրներն էլ գտնվում են ազգային երկխոսության ու փոխադարձ վստահության վերականգնման ճանապարհի սկզբին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
ՌԴ-ն կողմ է, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելությունը շուտափույթ կերպով տարածաշրջան այցելի. Զախարովա
«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը։ Փոխվարչապետների ղեկավարությամբ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով», - ասել է Զախարովան: