ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. 2021թ.–ի առաջին կիսամյակում տնտեսական աճը կարող է գերազանցել Կենտրոնական բանկի կանխատեսած 1.4 տոկոսը։
Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Մեր կանխատեսումներն ավելի հոռետեսական էին, քան իրականությունն է այսօր։ Մեր հաջորդ կանխատեսումը տեղի է ունենալու հունիսի 15-ին։ Հունիսի 15-ին մենք մամուլի ասուլիսի միջոցով ավանդաբար, ինչպես անում ենք, կտեղեկացնենք հանրությանը մեր նոր կանխատեսումների վերաբերյալ, որը մեծ հավանականությամբ ավելի բարձր կլինի, քան մեր կանխատեսած 1.4 տոկոսը»,– ասաց Գալստյանը։
Հիշեցնենք` ՀՀ կենտրոնական բանկը 2021թ.–ի համար նախապես կանխատեսել էր 2 տոկոս տնտեսական աճ։ 2021թ-ի մարտի 16-ին, սակայն ԿԲ–ն որոշել էր վերանայել իր կանխատեսումն ու այն նվազեցրել 1.4 տոկոսի։
«Միտումները ցույց են տալիս, որ գործ կունենանք գնաճային լուրջ ալիքի հետ». տնտեսագետ
ԿԲ նախագահը պարզաբանել էր, որ այդ վերանայումը պայմանավորված է հիմնականում 2020թ–ի չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակով տնտեսության որոշակի ճյուղերում (արդյունաբերություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) արձանագրված թուլացումներով: