Ռուսական կողմը հերքել է հայկական ԶՈւ–ի կողմից կրակոցներ արձակելու տեղեկությունը

Պաշտպանության նախարարությունը կապ է հաստատել Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտնեց, որ ռուս խաղաղապահները հերքել են հայկական զինուժի կողմից գնդակոծությունների փաստը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու մեջ, այդ թվում ՝ Շուշիի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունները։

Հարությունյանը հայտնեց, որ իր հանձնարարությամբ կապ են հաստատել նաև Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ, նրանք նույնպես հերքել են այդ տեղեկությունը։

«Այնպես որ սա նրանց կողմից հնարք է, որպեսզի հանրությանը ցույց տան, որ հայկական կողմը գնում է գործողությունների, իսկ իրենց խաղաղ գտնվելով այնտեղ` փորձում են դրանով կոծկել իրենց արածները։ Մենք հստակ գիտենք իրենց մտահղացումը, հստակ գիտենք` ինչ մարտավարություն են մշակել»,– ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդիարձակած կրակոցներից զոհվել է  զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: