Մինչև Ադրբեջանը ՀՀ–ի տարածքից չհեռանա, բանակցություններ չեն լինի. Ավինյան

Նախապես որոշված էր երկու երկրների սահմանի համար ժամանակավոր հիմք ընդունել խորհրդային սահմանները և նոր դիրքերը տեղադրվում էին այդ սկզբունքով։ Բայց Ադրբեջանն առաջինը խախտեց այս գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Քանի դեռ Ադրբեջանը դուրս չի բերել իր զինված ուժերը Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներից, սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի բանակցային պրոցես տեղի ունենալ չի կարող։ Այս մասին այսօր ԱԺ–ում, պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

Ռուսական կողմը հերքել է հայկական ԶՈւ–ի կողմից կրակոցներ արձակելու տեղեկությունը

Նա նշեց, որ նախապես որոշված էր երկու երկրների սահմանի համար ժամանակավոր հիմք ընդունել խորհրդային սահմանները և նոր դիրքերը տեղադրվում էին այդ սկզբունքով։ Բայց Ադրբեջանն առաջինը խախտեց այս գործընթացը։

«Ադրբեջանի հետագա գործողություններն ակնհայտորեն հենց այդ պրոցեսը խաթարեցին, և միանշանակ այլ տրամաբանություն փորձեցին տեղադրել, որը, կարծում եմ, ուղղակի ընդունելի չի կարող լինել մեզ համար և չի լինելու։ Եվ քանի դեռ մենք Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում ադրբեջանական զորամիավորումների ամբողջական դուրսբերում չունենանք, ես չեմ կարծում, որ խելամիտ է բանակցային ավելի հանգիստ ու տրամաբանական գործընթացներ իրականացնելը»,– ասաց Ավինյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

ՀՀ նախագահն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։