ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Իրանը տարածաշրջանում մշտապես կողմնակից է խնդիրների խաղաղ լուծմանը՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև այդ ժողովուրդների իրավունքը։ ԱԳՆ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը` անդրադառնալով Սյունիքում ադրբեջանցիների սադրանքներին։
Հայտնել էինք, որ Զարիֆն այսօր առավոտյան ժամանել է Հայաստան և հանդիպել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։
«Ցանկացած սրացման դեպքում, երբ լարվածության հետևանքով մարդիկ են զոհվում, մենք մտահոգվում ենք, ուստի նման հարցերը պետք է արագ և խաղաղ լուծում ստանան։ Երեկ հանգամանալից զրուցել եմ Ադրբեջանի նախագահի հետ, և զգացի նրա մտադրությունն լարվածությունը նվազեցնելու, ինչպես նաև խաղաղության ուղղությամբ երկխոսություն վարելու մասին»,–ասաց Զարիֆը։
Նա վստահեցրեց, որ հետամուտ է լինելու, որ նմանատիպ խոսակցություն ունենա ՀՀ վարչապետի հետ։ Զարիֆը հիշեցրեց, որ այս թեմայով խոսել է նաև Արա Այվազյանի հետ` հայտնելով, որ Իրանը ցանկանում է աջակցել, որ այս հարցը խաղաղ լուծում ստանա։
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն էլ իր հերթին ասաց, որ Հայաստանը կողմնակից է, որ այս վերջին լարվածությունը լուծվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով։
«Մենք գնահատում ենք, որ այս տագնապալի օրերին և հանգամանքներում Զարիֆը ժամանել է Հայաստան։ Սա վկայում է Իրանի անշահախնդիր մտադրության մասին, այն է` ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման հարցում»,–ասաց Այվազյանը։
Նա շեշտեց, որ Իրանը Հայաստանի համար շատ կարևոր հարևան և գործընկեր է, տարածաշրջանի կայունության և անվտանգության կարևոր դերակատար։
Սյունիքի դեպքերից հետո Իրանն ակտիվացել է. ինչո՞ւ է Հայաստանն անտեսում հարևանի շահը