Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական թիմը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին գործադիրում չի տեսնում, թերևս դա է պատճառը, որ Ավինյանը ընդգրկված չէ իշխանական թիմի ներկայացրած համամասնական ցուցակի առաջին 15 թեկնածուների շարքերում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Փոխարենը Ավինյանը կարող է պաշտոն ստանալ մեկ այլ ոլորտում, օրինակ` մայրաքաղաքային իշխանության առումով»,- ասաց նա։
Մամուլում շրջանառվող վարկածներից մեկի համաձայն`չի բացառվում, որ Ավինյանին դեսպան նշանակեն, բայց դա չէր կարող պատճառ լինել, որ նրան ցուցակում չներառեն, չէ՞ որ Լիլիթ Մակունցն էլ արդեն հաստատել է, որ ԱՄՆ-ից դեսպան նշանակվելու հաստատումն արդեն ստացել է, բայց նախընտրական ցուցակում 3-րդ տեղն է զբաղեցնում։
Ինչ վերաբերում է ՔՊ ցուցակում Խաչատուր Սուքիասյանին և Գուրգեն Արսենյանին ներառելուն, ապա այդկերպ, ըստ քաղտեխնոլոգի, Նիկոլ Փաշինյանի թիմը ոչ այնքան ռեբրենդինգի, որքան ֆինանսական, կազմակերպչական և տարաբնույթ ռեսուրսների խնդիր է լուծում։
«Երկու գործիչներն էլ բավականին փորձված են ընտրական գործընթացների առումով, տիրապետում են նախընտրական պայքարի որոշակի տեխնոլոգիաներին, նաև Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ Երևանում իր դիրքերը բավականին թույլ են և այս գործարարները զբաղվելու են մայրաքաղաքում նախընտրական քարոզարշավի կազմակերպումը և ռեսուրսների ներգրավումը կոորդինացնելով»,- նշեց Հակոբյանը։
Քաղտեխնոլոգի խոսքով` Սասուն Միքայելյանը ՔՊ-ականների ցուցակից ամենայն հավանականությամբ բացակայում է իր իսկ ցանկությամբ։ Հակոբյանի կարծիքով` Միքայելյանը նման որոշում է կայացրել վերջին շրջանում իշխանականների հետ ունեցած մանր-մունր տարաձայնությունների հետևանքով, սակայն դա դեռ չի նշանակում, որ նա պատրաստվում է հեռանալ իր քաղաքական թիմից։
«Ինքը շատ երկար ճանապարհ է անցել այս թիմի հետ, և կարծում եմ` հիմա մի փոքր ուշացրել է այդ քայլը, ինձ մոտ հիմա տպավորությունն այն է, որ Սասուն Միքայելյանն ինքն է որոշել դուրս գալ։ Չեմ բացառում, որ նաև մանր-մունր կոնֆլիկտներ են եղել, որոնք կուտակվել են, հիմա այդ առիթն օգտագործել է Միքայելյանը, որ դուռը շրխկացնելով դուրս գա»,- հավելեց Հակոբյանը։
Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախանշված հունիսի 20–ին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր հրապարակեց ընտրական ցուցակի առաջին երեսուն համարները։