Հետո կխոսեմ․ Տիգրան Ավինյանը՝ ՔՊ-ի նախընտրական ցուցակում չլինելու մասին

Ավինյանը պահպանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik․ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Facebook-ում տեղեկացրել է, որ առաջիկա ընտրություններում չի լինելու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում։

27 կուսակցություն ու դաշինք ցանկանում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին

«Դրանով հանդերձ՝ պահպանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը` հորդորելով ընտրություններում քվեարկել մեր կուսակցության օգտին: Սա է այն ընտրությունը, որն ապահովելու է մեր երկրի ժողովրդավարության անշրջելիությունն ու ինքնիշխանության պահպանումը, ինչը կենսական կարևորություն ունի մեր պետության հետագա զարգացման համար»,- գրել է նա։

Նա ասել է, որ նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսի ընտրություններից հետո։

«Այս փուլում առավել նպատակահարմար եմ համարում կենտրոնանալ ՀՀ փոխվարչապետի պարտականությունների կատարման վրա»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ՔՊ-ի ցուցակում չեն լինելու նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Կոշտ ենք արձագանքելու»․ գլխավոր դատախազը՝ ընտրախախտումների մասին

Ցուցակը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, երկրորդ տեղում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն է, ապա «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ցուցակում տեղ են գտել տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ փոխնախագահներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը, պատգամավոր Արփինե Դավոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Ցուցակում են նաև գործարար Գուրգեն Արսենյանը, նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Հակոբ Արշակյանը և այլք: