Հայաստանյան հեռուստածրագրերը կդիտեն ՌԴ–ում, Իրանում, Ուկրաինայում ու Բելառուսում

Պայմանավորվածությունը կառուցված է փոխադարձության հիման վրա. Հայաստանի մալուխային ցանցերում էլ կներառվեն այդ երկրների առնվազն մեկական հեռուստածրագրեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ծրագրերն առաջիկայում կհեռարձակվեն Իրանում, ՌԴ–ում, Ուկրաինայում ու Բելառուսում։

Տիգրան Հակոբյանը Մանդելշտամ է ասմունքում, պատգամավոր Սանդիկովը` «Արտաշես և Սաթենիկ»

ՌԴ Դաշնային վերահսկողության ծառայության (Роскомнадзор) հետ համապատասխան պայմանագիրը կնքվել է 10 օր առաջ` Տիգրան Հակոբյանի մոսկովյան այցի ընթացքում։

«Այդպիսի համաձայնագրեր են պատրաստ նաև Իրանի, Բելառուսի, Ուկրաինայի հետ, և մենք համոզված ենք` այս տարի կկնքենք, որոնք բացի ամեն ինչից ապահովում են մեր ներկայությունը այդ երկրների գոնե մալուխային` կաբելային ցանցերում»,– հայտնեց Հակոբյանը։

Պայմանավորվածությունը կառուցված է փոխադարձության հիման վրա. Հայաստանի մալուխային ցանցերում էլ կներառվեն այդ երկրների առնվազն մեկական հեռուստածրագրեր։

Հաշվի առնելով հիշյալ երկրներում հայկական մեծաթիվ համայնքի առկայությունը` ՀՌՀ նախագահը կարևորեց հայաստանյան հեռուստածրագրերի հեռարձակումը հատկապես հայրենիքի հետ տեղեկատվական ու լեզվական կապի ապահովման տեսանկյունից։