Զինվորն ինքնասպանություն էր գործել հենց շարահրապարակում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Հարուցվել է քրեական գործ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք: Տեղեկությունը հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ 

Եվս 4 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել Վարանդայի շրջանից

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ ՊՆ-ն նախորդ օրը տեղեկացրել էր, որ նախնական տվյալներով, զինվորի մահը վրա է հասել զենքի հետ անզգուշաբար վարվելուց։