«Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում». Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար վստահեցրեց, որ աղմկահարույց փաստաթուղթը ստորագրելու որևէ պայման չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Որևէ փաստաթուղթ այս պահին չի ստորագրվում և առկա չէ, եղել է աշխատանքային փաստաթուղթ, որի մասին ԱԺ ամբիոնից մանրամասն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «թուղթը ստորագրելու եմ», հայտարարությանը և Տավուշի 6 գյուղերի հանձնման խոսակցություններին:

«Ցանկացած առաջարկություն, որ կարող է հնչել երրորդ կամ միջնորդ երկրի կողմից, բնականաբար թղթային տարբերակով հա՛մ պետք է մեզ գա, հա՛մ գնա հակառակ կողմին, ու այդ պրոցեսը չի ենթադրում, որ եթե այդ թուղթը եկել է այդ տեսքով, ապա մեզ ընդունելի է այդ տեսքով»,-նշեց Պապիկյանը։

Նա վստահեցրեց, որ այդ փաստաթուղթը ստորագրելու որևէ պայման չկա։

«Պարոն վարչապետը չի ասել` եթե մենք չստորագրենք, նրանք չեն հեռանա: Նման բան չի ասվել: Մենք փորձում ենք անընդհատ ամեն ինչի մեջ տեսնել ավելի վատը, քան իրականությունն է: Խնդիր չկա, մենք բաց ենք հասարակության առաջ ու պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բաց։ Ամեն ինչ մասին խոսվել է, եթե կլինեն նոր հարցեր, պատրաստ ենք այդ հարցերի շուրջ խոսել»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:

Սյունիքի իրավիճակը կարող է կրկնվել սահմանի այլ հատվածներում. Ռոբերտ Քոչարյան

Անդրադառնալով այս պահին ընթացող բանակցություններին` Պապիկյանը տեղեկացրեց, որ դրանք այս պահին էլ են շարունակվում:

«Բնականաբար հիմնականը Սև լճի հատվածն է, որտեղ որոշակի մասերում տեղակայված են հարևան երկրի զինվորները, բայց շատ տեղերում էլ իրավիճակն այլ է: Փորձում ենք խնդիրը լուծել բանակցային ճանապարհով հնարավորինս դանդաղ, առանց որևէ սրացման:Հիմա դրան ներգրավված են նաև մեր ռուս գործընկերները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերները»,– ասաց նա:

Պապիկյանն անդրադարձավ նաև «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի այն հայտարարությանը, որ Տավուշի մարզում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ըստ նախարարի պաշտոնակատարի` հաշվի առնելով տարածաշրջանի իրավիճակը, Ադրբեջանի հետ սահմանային լարվածությունը` այդ սահմանը տարբեր տեղերում ունի տարբեր պատկեր:

«Վարչապետը խոսել է, որ Խորհրդային Հայաստանի մաս կազմող, դե յուրե Հայաստանի մաս կազմող Արծվաշեն գյուղն այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, և հիմա վերադառնալ դրան, թե ինչ տարածքներ կան մեր վերահսկողության ներքո, ճիշտ չէ»,-նշեց նա։

Պապիկյանը ԶԼՄ–ներին խորհուրդ տվեց ավելի զգույշ լինել սահմանային հարցերին անդրադառնալիս:

«Էն, ինչ առաջադրում է մամուլը, երկու օր հետո պահանջ է դառնում հարևան երկրի կողմից: Լինենք մի փոքր փակ ու սահմանափակ սահմանային հարցերում»,– ասաց պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։

Որոշ պաշտոնյաներ ՀՀ սահմանների մասին անում են խիստ վտանգավոր հայտարարություններ. Թաթոյան

Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։

Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։

Իսկ մայիսի 20–ին կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չժխտեց, որ նման փաստաթուղթ գոյություն ունի, այլև հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այն։

Փաշինյանը վստահեցրեց, սակայն, որ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված։ Նա նշեց` փաստաթղթի վերևի հատվածում գրված է «Հավելված», քանի որ դա կա՛մ վրիպակ է` պետք է գրված լիներ «Նախագիծ», կա՛մ էլ դա առաջարկ է` այն դիտարկել որպես նոյեմբերի 9-ի հայտարարության հավելված։