ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ադրբեջանը շարունակելու է լարվածության օջախներ ստեղծել ու ճնշումներ գործադրել, քանի դեռ զիջումների սպասելիքներ ունեն Հայաստանից։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պետք է ցույց տա, որ նման ճնշումների չի ենթարկվելու, ինչը այսօր չի արվել։ Այո՛, հնարավոր է և առաջին հերթին բանակցային տարբերակով պետք է խնդիրը լուծել։ Բայց Ռուսաստանի միջնորդությամբ եթե այս հարցը հիմա լուծում ստանա, ապա մեկ այլ խնդիր լուծելու համար լարվածություն է ստեղծվելու սահմանի մեկ այլ հատվածում», - նշեց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։
Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։