«Մաշեցնելու ենք մինչև քոքը». Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանի վարկանիշի ու վերընտրվելու մասին

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ տվյալ իրավիճակում Հայաստանի իշխանությունները հնարավորություն չունեն կրկին մեծամասնություն ձևավորելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ և «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանալու վերընտրվել գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում։ Այս մասին Քոչարյանը հայտարարեց մամուլի ասուլիսի ժամանակ։

Սյունիքի իրավիճակը կարող է կրկնվել սահմանի այլ հատվածներում. Ռոբերտ Քոչարյան

Նա չի հավատում նաև սոցիալական հարցումներին, քանի որ, ըստ նրա, կա հասարակության մի ստվար զանգված, որը ճնշումների պատճառով չի ցանկանում հայտնել իր կարծիքը։

Ըստ նրա` Փաշինյանն ունի 25-30% վարկանիշ, որով հնարավոր չէ ընտրվել վարչապետ ու ձևավորել կառավարություն։

Ընտրությունների մասնակցող ուժերի մեջ էլ Քոչարյանը չի տեսնում մեկին, որը կարող է անցնել խորհրդարան ու ցանկություն ունի կոալիցիա կազմել Փաշինյանի հետ։

«Բավական հստակ է իրավիճակը. նույնիսկ եթե այդ 30% –ը չհաջողվի մաշեցնել մինչ 15-20%, ապա այդ քաղաքական ուժը ի վիճակի չի լինի ձևավորել կառավարություն և վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա։ Մենք ամեն ինչ անելու ենք ու մաշեցնելու ենք մինչև քոքը», - ընդգծեց ՀՀ երկրորդ նախագահը։

Քոչարյանի կարծիքով` էական տարբերություն կա մարզերում ու Երևանում ընտրողների դիրքորոշման մեջ։ Ընդ որում. ընտրազանգվածի կարծիքը մեծապես կախված է լրատվամիջոցների հասանելիության գոտուց։

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախանշված հունիսի 20–ին։

Որն է արտահերթ ընտրություններում հիմնական վտանգն ըստ Դունամալյանի