ՀԱՊԿ–ը պետք է ավելի հստակ արտահայտվի Սյունիքի դեպքերի առնչությամբ. իմքայլական պատգամավոր

Միքայել Զոլյանը կարծում է, որ Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելը ՀԱՊԿ–ի հեղինակության հարցն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀԱՊԿ–ը և ՀԱՊԿ անդամ պետությունները պետք է ավելի հստակ արտահայտվեն Սյունիքի դեպքերի առնչությամբ։ ԱԺ նիստի ժամանակ նման կարծիք հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը` անդրադառնալով դեռ մայիսի 12-ին ադրբեջանցիների` ՀՀ տարածք ներխուժելու դեպքին։

Հայաստանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են Սյունիք. ՊՆ

«Բնական է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակը և դրա առնչությամբ դիվանագիտական աշխատանքը հանրության շրջանում անհանգստություն է առաջացրել։ Կարծում եմ, որ միանգամայն արդարացի սպասումներ կան ՀԱՊԿ–ից։ Գիտեմ, որ մեծ աշխատանք է կատարվում, որի մեծ մասը չի երևում, սակայն սա այն դեպքն է, որ ճիշտ կլիներ` մեր դաշնակիցները հստակ արտահայտվեին»,–ասաց Զոլյանը։

Նրա խոսքով` ՀՀ դաշնակիցները պետք է հստակ ասեն, որ անընդունելի են ՀՀ–ի հանդեպ գործողությունները, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Զոլյանը նշեց, որ սա այն դեպքն է, երբ մենք գործ ունենք ՀԱՊԿ–ի հեղինակության հետ, և սա միայն Հայաստանի խնդիրը չէ, այլ նաև ՀԱՊԿ–ի։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Սյունիքի հետ կապված կարգադրություններ է տվել

Նա հավելեց, որ միայն չերևացող աշխատանքն այս դեպքում չի կարող արդյունավետ լինել` անհրաժեշտ են նաև հստակ հայտարարություններ, որոնք կարտահայտեն ՀԱՊԿ–ի դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ մայիսի 14–ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանների առնչությամբ հայտարարել էր` պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ–ին, ռազմական աջակցության հարցով դիմել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։