«Չեմ կարծում, որ ՌԴ–ն չի կատարում իր դաշնակցային պարտականությունները». Արարատ Միրզոյան

ԱԺ նախագահը վստահեցնում է` Սյունիքում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար գործընթացներ են գնում Ռուսաստանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահեցնում է` Սյունիքում ստեղծված իրավիճակի առնչությամբ Ռուսաստանի հետ խոսակցությունը շարունակվում է։ Միրզոյանը նման հայտարարություն արեց ԱԺ նիստի ժամանակ` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն կարծիքին, թե ՌԴ–ն չի կատարում իր դաշնակցայինն պարտականությունները։

Հարցը թիվը չէ, այլ դրոշը ցույց տալը․ Զատուլինը անդրադարձել է Սյունիքի իրավիճակին

«Օրերս ես պաշտոնական այցով ՌԴ–ում էի, և մայիսի 17-ին հանդիպեցի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Վերջինիս հետ բավականին անկեղծ և կառուցողական քննարկում ենք ունեցել մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ։ Բացի այդ, ՌԴ–ի հետ Հայաստանն ունի անվտանգության առնչվող միջազգային պայմանագրեր, և չեմ կարծում, որ ՀՀ դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները»,–ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով` պետք է պահպանենք լավատեսությունը։ Միրզոյանը վստահեցրեց, որ Սյունիքի հարցով գործընթացները բոլոր գործընկերների, այդ թվում ՌԴ–ի հետ, շարունակվում են։

Նա նշեց, որ ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ ՀՀ–ն պետք է ջանքեր գործադրի` րոպե առաջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ ԱԺ նախագահն ասաց, որ միշտ չէ, որ նման բարդ հարցերը լուծվում են կայծակնային արագությամբ, երբեմն սառնասրտությունն ավելի արդյունավետ է։

Միրզոյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը միջազգային կառույցների ուշադրությունը սևեռելու համար Սյունիքի դեպքերի վրա։ Ավելին, ՀԱՊԿ–ն էլ ունի ընթացակարգեր, մեխանիզմներ, որոնք դեռ քննարկվում են։

Եթե իշխանությունը Սյունիք մտած թուրքի դեմ չի կռվում, ռուսը պիտի ասի՝ չէ, կռվե՞նք. Աբովյան

Հիշեցնենք` Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը լարվեց հատկապես այն բանից հետո, երբ  մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձեց որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանային հատվածներում։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։