Ադրբեջանին ՀԱՊԿ-ի կողմից գնահատական չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի. ԱԳՆ

ԱԳ նախարար Այվազյանը նշել է, որ Ադրբեջանը, արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին, ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների` ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ալեքսանդր Կոնյուկին (Բելառուս) և Բոլատ Իմանբաևին (Ղազախստան):

Սպանվել և վիրավորվել են զինծառայողներ. ԼՀԿ–ն հորդորում է դիմել ՄԱԿ–ի ԱԽ–ին

Ինչպես հայտնում են ԱԳՆ–ից, հանդիպման առանցքում է եղել մայիսի 12-ից ի վեր ՀՀ սահմանամերձ մարզերում  ադրբեջանական զինված ուժերի ապօրինի ռազմական ներթափանցումը, որի հետևանքով մայիսի 25-ին մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ 31-ամյա Վ. Յ. Խուրշուդյանը։

ԱԳ նախարար Այվազյանը նշել է, որ Ադրբեջանը, արհամարհանքով վերաբերվելով միջազգային հանրության կոչերին, ոչ միայն դուրս չի բերում իր զինված ուժերը ՀՀ տարածքից, այլև դիմում է նոր ապօրինի գործողությունների` ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ:

Արա Այվազյանը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերի մահաբեր գործողություններին միջազգային հանրության, նախևառաջ՝ ՀԱՊԿ-ի և ՀԱՊԿ անդամ երկրների կողմից համարժեք գնահատական և արձագանք չտալը կհանգեցնի իրավիճակի հետագա էսկալացիայի, ինչը կարող է վատթարագույն հետևանքներ ունենալ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից:

Մինչ այդ, ՀՀ ԱԳՆ–ն արդեն հայտարարել էր, որ պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ Վերին Շորժայի մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:

ՀՀ նախագահը դիմել է պետական համապատասխան կառույցներին

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմաններում, հրազենի կիրառմամբ միջադեպ է գրանցվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր են արձակվել։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վերին Շորժայրում հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։

Իսկ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես դիմել են ՀԱՊԿ և ռազմական աջակցության հարցով դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Մայիսի 13-ից ադրբեջանցիների հետ բանակցություններ են անցկացվում։

Մայիսի 20-ին էլ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի հատվածում ՀՀ և ԱՀ ԶՈւ-երի զինծառայողների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ 11 հայ զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց։