Անկարայի դատախազությունը Գյուլենի հետ կապի մեջ կասկածվող ավելի քան 40 մարդու է ձերբակալել

Հետաքննություն է իրականացվել տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ նախկինում պետական տարբեր հիմնարկներից աշխատանքից ազատված մարդկանց նկատմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի -Sputnik. Անկարայի դատախազությունը 42 քաղաքացու ձերբակալման թույլտվություն է տվել։ Նրանք կասկածվում են ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ։ Տեղեկությունը հաղորդում է Anadolu գործակալությունը:

Թուրքիայում լրագրողին ազատել են աշխատանքից Սուլեյման Սոյլուի վերաբերյալ «տհաճ» հարցի համար

Անկարայի դատախազության հայտարարության համաձայն՝ այդ քաղաքացիների նկատմամբ հետաքննություն է իրականացվել։ Նրանց թվում են մարդիկ, որոնք նախկինում ազատվել են տարբեր պետական կառույցներից։

23 կասկածյալ արդեն ձերբակալվել է։ Կատարվում են հետախուզման և մյուսներին բռնելու գործողություններ:

Նախօրեին հաղորդվել էր, որ թուրք ուժայինները ձերբակալել են 8 մարդու, որոնք նույնպես կասկածվում են Գյուլենի կազմակերպության  հետ կապի մեջ:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են FETO (Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։ Թուրքիայում խռովությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը ՝ Գյուլենը, որ գտնվում է ԱՄՆ-ում, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իր հասցեին հնչող մեղադրանքները։