Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման հանձնաժողով ստեղծելու մասին փաստաթղթի արտահոսքից հետո կրկին սկսվեց շրջանառվել ադրբեջանական նախկին անկլավների փոխանցման հարցը։ Sputnik Արմենիան այցելել է Տավուշ, որտեղ խորհրդային տարիներին ադրբեջանական երեք անկլավ է եղել։
Sputnik

1992-ից ի վեր Բարխուդարլու, Սոֆուլու և Վերին Ոսկեպար (Յուխարի Ասկիփար) նախկին անկլավներում ոչ ոք չի ապրում։ Տեղի բնակիչների պատմելով՝ առաջին երկու գյուղերում խորհրդային տարիներին շուրջ 20-30 ադրբեջանցի ընտանիք է ապրել, իսկ երրորդում՝ մոտ հարյուր։ Բոլոր բնակիչները գյուղերը լքել են արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Գյուղերի տները քանդվել են, բայց գերեզմանները մինչև հիմա էլ կան։ Ընդ որում` որոշ տապանաքարերի վրա արաբերեն գրություններ են պահպանվել։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում
Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

Տավուշցիների շուրթերով

«Երեք գյուղերն էլ հիմնել են ադրբեջանցի քոչվորները, որոնք սկզբում հող են վարձակալել և այդ տարածքներում մանր եղջերավոր անասուններ արածեցրել, իսկ խորհրդային տարիներին ստացել են այդ տարածքն ու հաստատվել այնտեղ: Նրանք հենց սկզբից էլ լուրջ էին մոտենում հարցին ու բոլոր գյուղերը հիմնում էին լեռների լանջերին՝ մեզ համար առավել կարևոր տարածքներում», - ասում է Ոսկեպարի բնակիչ Արամը։

Բանն այն է, որ Սոֆուլուն և Բարխուդարլուն գտնվում էին Իջևան–Ղազախ–Բաքու երկաթուղու մոտ, այժմ այնտեղով անցնում է Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Հայկական Ոսկեպար գյուղին սահմանակից Վերին Ոսկեպարն էլ գտնվում է ռազմավարական բարձրության վրա, որտեղից Լոռու մարզ տանող ճանապարհ կա։ Թեև այդ գյուղում ադրբեջանցիներ են ապրել, բայց հայերի հետքի մասին է վկայում հայկական միջնադարյան դիտաշտարակը, որի շուրջը ժամանակին տներ են կառուցվել։ Ի դեպ, դիտաշտարակը նույնպես պահպանվել է մինչ օրս, ու պատմաբաններն ուսումնասիրում են այն։

«Անհասկանալի է՝ ինչպես են ադրբեջանցիները խորհրդային տարիներին ստացել այդ հողերը, բայց հիմա նախկինի պես ապրելը հաստատ անհնար է։ Երկու պատերազմ է եղել, մեր գյուղերը մշտական գնդակոծության տակ էին։ Մեր երեխաների արյունը դեռ չի չորացել, ու մարտական գործողությունների վերսկսման վտանգ կա։ Ի՞նչ համատեղ խաղաղ կյանքի մասին կարելի է խոսել» - ասում է Արամը։

Փակված թեմա է

Ազատամուտ գյուղում, որը սահմանակից է նախկին երկու անկլավներին, շուրջ 3500 մարդ է ապրում։ Տեղացիները հեշտությամբ ցույց են տալիս ճանապարհը, որը տանում է խոտերի մեջ կորած տների ավերակների մոտ։ Հայերը չեն ցանկացել ուրիշների տներում ապրել, և տարիների ընթացքում դրանցից միայն քարերն են մնացել։

Ազատամուտ գյուղի ավագ սերնդի ներկայացուցիչները նույնիսկ չեն ուզում պատկերացնել ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու տարբերակը։ Նրանց կարծիքով՝ ադրբեջանցիների վերադարձն այդ գյուղեր անվտանգության լուրջ սպառնալիք կստեղծի ինչպես գյուղի, այնպես էլ ողջ հանրապետության համար։ Հայկական էքսկլավի՝ Արծվաշենի (Գեղարքունիքի մարզի մերձակա տարածք) հետ փոխանակումը նույնպես անհնար են համարում։

Ազատամուտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Բեգինյանը Sputnik Արմենիային հավաստիացրեց, որ այդ հարցի վերաբերյալ որևէ պաշտոնական հանձնարարական չի ստացել: Նա անիմաստ է համարում անկլավների փոխանակման թեմայով քննարկումները։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

«Բոլորը շատ լավ հասկանում են, որ դրանք պատմական հայկական տարածքներ են, թեկուզ որոշ ժամանակ այնտեղ ադրբեջանցիներ են ապրել։ Հետևաբար տալու բան չկա, ու պետք է ընդմիշտ փակել այդ թեման», - ասում է նա։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

Հարևան Ոսկեպարում ևս այդ հարցը փակված թեմա են համարում։ Գյուղի կենտրոնում հավաքված տարեցները լավ են հիշում 90-ականների պատերազմը, երբ ադրբեջանցիները Վերին Ոսկեպարից գնդակոծում էին իրենց գյուղը (որը ներքևում է) կամ դիվերսիաներ կազմակերպում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գյուղը շատ զոհեր է տվել։ Հենց այդ պատճառով էլ ոսկեպարցիները միանշանակ դեմ են որևէ փոխանակման և համոզված են, որ երկրի ղեկավարությունը լավ ծանրութեթև կանի ու նման արկածախնդրության չի գնա։

«Մենք բոլորից լավ գիտենք ադրբեջանցիների հետ հարևանություն անելու գինը և այլևս չենք ուզում կորցնել մեր էրեխեքին։ Կա մի սահման, որին մենք սովոր ենք, և պետք չէ որևէ բան փոխել, իսկ եթե ոչ, ապա մենք նորից կպաշտպանվենք, ինչպես արեցինք առաջին պատերազմի ժամանակ», - ասում է գյուղի հնաբնակներից մեկը։

Ոսկեպարի գյուղապետ Սերոբ Մախսուդյանը Sputnik Արմենիային վստահեցնում է, որ գյուղում իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է, մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, ապրում առօրյա հոգսերով ու ենթադրություններ չեն անում։«Մարդիկ մի քիչ հուզված են, քանի որ տարբեր տեղեկություններ են ստանում։ Բայց խուճապ չկա, տրամադրվածությունը մարտական է: Ոսկեպարցիները երբեք չեն վախեցել ու չեն վախենում։ «Հարևաններն» ամենայն հավանականությամբ հիշում են մեր ուժը և չեն ուզենա կրկին կոնֆլիկտի մեջ մտնել մեզ հետ», - նշում է նա։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

Գյուղից դուրս գալու ճանապարհին կարելի է տեսնել VII դարի առաջին կեսով թվագրված Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում

Դրա հետևում՝ բուֆերային գոտում, ադրբեջանական գյուղն է (Ներքին Ոսկեպար), իսկ դիմացը՝ հայկական Ոսկեպարի շարունակությունը։ Ադրբեջանական գյուղում տները քանդվել են, իսկ հայկական գյուղում կիսակառույց են մնացել առաջին պատերազմի ժամանակներից։

Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում