Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին որպես քաղաքական պատանդ. ՀՀ ԱԳՆ

Մայիսի 24-ին Բաքվում սկսվել է 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի ու 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Այս մասին նշված է արտգործնախարարության հայտարարության մեջ։

Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես` Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ, Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե´ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե´ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: 

«Չնայած միջազգային հանրության  բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել և հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները»,-շեշտում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Ադրբեջանին ձեռնտու է, որ Փաշինյանը վերընտրվի»․ Պետդումայի պատգամավորն ասաց` ինչու

Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումներն Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում, 2021թ. մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:

Հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի:

Հիշեցնենք, որ երեկ Բաքվում սկսվել է 52-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի ու 54-ամյա Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։  Նրանք մեղադրվում են ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» մեջ:

Հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո Հայաստան է վերադարձել 73 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ 

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։