ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը նոր քաղաքային ավտոբուսներ կգնի՝ ընդհանուր առմամբ 211 միավոր։ Այս մասին ավագանու նիստում հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Մարությանի խոսքով ՝ արդեն կնքվել է ցածր հատակով, 6-8 մետր երկարությամբ ավտոբուսների մատակարարման երկու պայմանագիր:
Այդ տրանսպորտային միջոցները համապատասխանում են միջազգային չափանիշներին։
«Ավտոբուսները կհասնեն կես տարվա ընթացքում, այնուհետև կհանձնվեն շահագործման»,-ավելացրել է քաղաքապետը։
Ավելի վաղ խոսելով տրանսպորտային միջոցների գնման մասին, Մարությանը նշել էր, որ CNG Green line «կանաչ» շարժիչով ավտոբուսներն արտադրում է չինական Zhong Tong ընկերությունը։
Նոր ավտոբուսները համալրված կլինեն ժամանակակից օդորակիչներով, LED-ցուցատախտակներով և հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։